«Լավաշ» ռեստորանը բացվել է 2017 թվականի ապրիլի 2-ին, այն գտնվում է Թումանյան 21 հասցեում: «Լավաշ»-ը Երևանի ամենակոլորիտային ռեստորաններից է, որն իր գույներով նոր շունչ է հաղորդել մայրաքաղաքին` հայկական խոհանոցը ներկայացնելով նոր մոտեցումներով ու յուրահատուկ մատուցմամբ:
«Լավաշ» ռեստորանը ստեղծվել է «Գյուղից՝ սեղան» (farm to table) հայեցակարգի շրջանակում: 2017 թվականին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը սկսեց համագործակցություն ֆերմերային տնտեսությունների հետ՝ նպատակ ունենալով անհրաժեշտ արտադրանքը մթերել հենց գյուղացիներից, դրանք պահանջված դարձնել ռեստորանային բիզնեսում և ռեստորանին ու հաճախորդին մատակարարել թարմ և որակյալ բնական մթերք:
Թարմ գյուղատնտեսական արտադրանքը ոչ միայն ռեստորանի համար է նախատեսված, այլև հասանելի է «Լավաշ» ռեստորանի խանութի հաճախորդների համար, որտեղ այժմ արդեն ներկայացվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության սեփական ֆերմաների արտադրանքը:
Ջերմ ու հյուրընկալ մթնոլորտով ռեստորանն իր հյուրերին է առաջարկում հայկական ազգային-ավանդական, ինչպես նաև տարածաշրջանային սիրված ու հայտնի ուտեստներ՝ պարբերաբար թարմացվող ու բազմազան ճաշացանկով։
«Լավաշ»-ը հայտնի է իր նախաճաշերով: Ռեստորանի ճաշացանկում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական ավանդական և սննդարար նախաճաշը։ Տարբեր բաղադրիչներով լավաշի բրդուճը՝ թարմ կաթնամթերքով, չրերով, չամիչով ուտեստները, հալվան, մուրաբան, թեյը, մրգերն ու «Լավաշ»-ի այցեքարտը դարձած հատուկ բաղադրատոմսով պատրաստված քաղցրեղենը:
Ռեստորանի առաջին հարկում թոնիրն է, որտեղ թխվում է հայկական լավաշը: Այստեղ կարող եք հետևել թխման գործընթացին և ձեռք բերել թոնրի տաք հաց ու գաթա:
Առաջին հարկի ֆիրմային խանութում էլ ներկայացված են գյուղատնտեսական թարմ արտադրանք՝ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթնամթերքի ու մսամթերքի բազմազան տեսականի, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Արցախ» գործարանում պատրաստվող կիսաֆաբրիկատներ՝ տոլմա, պելմեններ, իշլի քյուֆթա, նրբաբլիթներ ու թթուներ:
«Լավաշ» ռեստորանը երևանցիների և քաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից է. «Լավաշ»-ը մշակույթ է, կոլորիտ և հյուրընկալության խորհրդանիշ:
Թումանյան փ․, 21
+374 10 608800 / +374 91 608800