Համերի ճանապարհ

«Համերի ճանապարհ» փաստագրական-ճանաչողական ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին՝ ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ ռեժիսոր, ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության և գիլդիայի անդամ Արտակ Իգիթյանի կողմից:

ֆիլմի ստեղծման հիմքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ ազգային խոհանոցի ավանդական բաղադրատոմսերի վերհանման, Հայաստանի տարբեր մարզերի բնակավայրերին հատուկ, այդ տարածքի խորհրդանիշը հանդիսացող ուտեստների պատրաստման գաղտնիքների և դրանք ժամանակակից միտումներին համապատասխան՝ վերամշակելու, արդիականացնելու գաղափարն է:

«Համերի ճանապարհ» նախագծի նպատակն է հանրահռչակել հայկական խոհանոցը, հայկական խոհարարական ավանդույթների և հյուրընկալության սկզբունքները, խթանել Հայաստանում գաստրո-զբոսաշրջության ներուժի զարգացումը, բարձրացնել զբոսաշրջիկների և տեղի բնակիչների շրջանում ազգային խոհանոցի ճանաչելիությունը:

Ֆիլմի գլխավոր հերոսները՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ու բրենդ շեֆ Զորո Իսպիրյանն են, ովքեր ամենատարբեր համերի հետքերով ճանապարհորդում են Հայաստանի մարզերի գյուղերով և քաղաքներով, Արցախի բնակավայրերով՝ բացահայտելով տարածաշրջաններից յուրաքանչյուրին բնորոշ հայկական ավանդական խոհանոցի ճանաչված ճաշատեսակների պատրաստման ու ներկայացման առանձնահատկությունները:

Ֆիլմն, ըստ էության, Հայաստանի համերի քարտեզագրումն է: Յուրաքանչյուր կադրում կարելի է տեսնել դարերից փոխանցված հայերին հատուկ հյուրասիրության ավանդույթներն ու մշակույթը: Ֆիլմում ներկայացված են ազգային խոհանոցի՝ հազարամյակներից մեզ հասած ճանաչված ուտեստները՝ ղափամա, հարիսա, խորվու, լոբաճաշ, ավելուկով ապուր, ժենգյալով հաց, փախլավա, գաթա:

Լուսանկարներ

Տեսանյութեր