Աշխարհի ամենամեծ գաթան

2018 թվականի մարտի 21-ին «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը՝ «Պանդոկ Երևանի» «Տերյան» մասնաճյուղի 4-ամյակի առիթով երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար պատրաստել էր՝ 40 մ երկարությամբ և 40 սմ լայնությամբ գաթա և նախաձեռնել համտես-հյուրասիրություն: Միջոցառումը լայն արձագանք ստացավ, ոչ միայն տեղի հանրության շրջանում, այլև մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի սահմաններից դուրս: Ոստի «Երեմյան Փրոջեքթսն» ամիսներ անց՝ նախաձեռնեց արդեն Գինեսի ռեկորդակիր գաթայի պատրաստումն ու հյուրասիրությունը:

 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, որպես մայրաքաղաք Երևանի 2800 ամյակի յուրահատուկ նվեր, «Երեմյան Փրոջեքթսը»՝ քաղաքին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, նախաձեռնեց՝ «Աշխարհի ամենամեծ գաթան» մասշտաբային նախագիծը և սահմանեց ռեկորդ: 368.6 կգ քաշով, 60 մ երկարությամբ և 37 սմ լայնությամբ գաթան գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ Հայաստան հատուկ այցով ժամանած «GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական մրցավար, միջազգային արբիտր՝ Ջոանա Մարի Բրենտի կողմից: Նա ամենամեծ գաթայի ռեկորդը հավաստող վկայականը նվիրեց Երևանին, որն այժմ գտնվում է քաղաքապետարանում:

 

Կարապի Լճի տարածքում անցկացված աշխարհի ամենամեծ գաթայի ներկայացումն ու համտես-հյուրասիրությունը մեծ իրադարձություն էր, և իր շուրջն էր համախմբել հարյուրավոր երևանցիների, մայրաքաղաքի հյուրերի ու զբոսաշրջիկների: Միջոցառման մասին նյութեր հրապարակվեցին տեղական ու արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներում: 

 

Ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությունն արդեն ավանդույթ դարձած և սպասված միջոցառում է բոլորի համար: Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ամեն անգամ գերազանցել արդեն իսկ սահմանված ռեկորդը: 2019 թվականի սեպտեմբերի 26-ին ևս «Երեմյան Փրոջեքթսը» ներկայացրեց ամենամեծ գաթան, որն այս անգամ կշռում էր՝ 410 կգ, ուներ 65 մ երկարություն, 40 սմ լայնություն: Գաթան ընդգրկվեց «Երեմյան Փրոջեքթսի» ռեստորանների ճաշացանկում։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ միջոցառումից հետո այցելում են ընկերության ռեստորաններ համտեսելու ռեկորդակիր գաթան:

Լուսանկարներ

Տեսանյութեր