Թեժ խոհանոց

«Երեմյան Փրոջեքթս»-ը 4 տարի ընդմիջումից հետո «Հանրային հեռուստաընկերության» և ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ վերսկսում է շատ սպասված և սիրված «Թեժ խոհանոց» հեռուստանախագիծը։

Այս եթերաշրջանում նոր տաղանդներին կօգնեն բացահայտել «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-խոհարարներ՝ Մարտին Բուդաղյանն ու Գևորգ Իսպիրյանը։

Հեռուստանախագիծը մեկնարկել է հոկտեմբերի 14-ից, այն կարող եք դիտել ամեն շաբաթ օր՝ 22։30-ին։

Հիշեցնենք, որ «Թեժ խոհանոց» հեռուստանախագիծը մեկնարկել է 2019 թվականին «Երեմյան Փրոջեքթս»-ի և «Շարմ Հոլդինգի» հետ համատեղ։

Հեռուստանախագծի նպատակը մեր երկրում խոհարարների մասնագիտության, խոհարարական արվեստի հեղինակության բարձրացմանը նպաստելն ու տաղանդավոր խոհարարների բացահայտումն է: 

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաքելություններից է, ինչպես հայ խոհարարական ավանդույթների պահպանումն ու զարգացումը, այնպես էլ մեր հասարակությունում խոհարարի մասնագիտության մասին կարծրատիպերի կոտրումն ու խոհարարության, խոհարարական արվեստի հեղինակության բարձրացումը: Այդ նպատակով ընկերությունը տարիներ շարունակ ձեռնարկել է տարբեր միջոցառումներ, իրականացրել բազմաբնույթ նախագծեր: «Թեժ խոհանոցն» այդպիսի նախագծերից մեկն է:

«Թեժ խոհանոց» հեռուստանախագիծը եզակի հնարավորություն էր խոհարարների աշխատանքի նրբությունները, մարտահրավերները, ինչպես նաև դրա կարևորությունը հանրայնացնելու և լայն հասարակայնությանը ներկայացնելու համար։

Հեռուստանախագծի նկարահանումներն իրականացվել են «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայում, որն այս նախագծի և նոր տաղանդներ բացահայտելու համար ամենահամապատասխան և խորհրդանշական հարթակն էր:

«Թեժ խոհանոց» նախագծի հաղթող Հայկ Խաչատրյանի մրցանակը՝ 5 միլիոն դրամ էր, ինչը հնարավորություն էր մասնագիտական որակյալ կրթություն ստանալու և խորացնելու հմտություններն ու վարպետությունը: Հայկն այսօր աշխատում է որպես շեֆ-խոհարար՝ իրականացնելով իր՝ պրոֆեսիոնալ շեֆ դառնալու երազանքը:

Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին՝ Աբրահամին էլ հնարավորություն ընձեռվեց ուսանելու Ակադեմիայում, որն ավարտելով ստացավ City of Oxford College-ի և «Երեմյան Փրոջեքթս» Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի համատեղ ավարտական վկայական:


Լուսանկարներ

Տեսանյութեր